Գեղեցիկ և վայրի է իմ հայրենի բնօրրանի՝ Հալիձորի բնությունը: Տարվա յուրաքանչյուր եղանակ իր յուրովի պատկերն ունի այստեղ. ցրտաշունչ ձմեռ, մեղմ ամառ, խենթացնող բույրերով գարուն և աշո՜ւն…Աշունն իր հազար գույներով: Այստեղի աշունը տեսնել է պետք: Բարգուշաթի լեռնաշղթայով շրջափակված Հալիձորում ամեն աշնան նախաշեմին ամպեր են կուտակվում, իսկ լեռնաշղթայի կատարներին արդեն նշմարելի է առաջին ձյան հետքերը:
Այգիներն ու անտառները ներկվում են հազար գույներով, իսկ այդ պատկերը վերևից՝ Տաթևեր ճոպանուղուց ավելի գեղեցիկ և ավելի տեսանելի է:
Անձրևներն այստեղ ավելի հաճախակի են, արևը դժվարությամբ է չորացնում խոնավ հողը, իսկ անտառներում անփորձ մարդը դեմ դիմաց կհանդիպի վայրի վարազին կամ էլ արջի: Աշնան օրերին, երբ կեսօրից հետո աշնանային քամին իր ամբողջ սառնությամբ մարդկանց տուն է շտապեցնում, փողոցում լսելի են արոտավայրերից տուն վերադարձող անասունների բառաչը և տաք երկրներ չվող երամների ձայնը: Հալիձորում այսօր աշուն է ձմռան ոգով: Դեղնած ծառերի ճյուղերը մրսում են առաջին ձյան շերտերի տակ:
Հալիձորում առանց այն էլ շարժը մեծ չէ, ցրտաշունչ օրերին փողոցներում հազվադեպ ես մարդկանց հանդիպում: Քաղաքային լարված անցուդարձից հետո հայրենի գյուղս մեկուսի մի դրախտ է թվում: Կարոտով եմ հիշում գյուղս…
Комментарии
Отправить комментарий