Պյութագորաս Սամոսցի

Պյութագորասի կյանքի և գործունեության մասին քիչ բան է հայտնի: Հասուն տարիքում նա Հունաստանից տեղափոխվել է Հարավային Իտալիայի Կրոտոն քաղաքը և հիմնադրել դպրոց, որը կոչվել է «Պյութագորասյան միություն»: Իր զարգացրած փիլիսոփայական ուսմունքում Պյութագորասն ամեն ինչի հիմքը համարել է թվերը, որոնց վերագրել է խորհրդապաշտական և կենսական իմաստներ: Հետագայում այդ ուսմունքը զարգանալով վերածվել է փիլիսոփայական ուղղության, որը հայտնի է իբրև պյութագորասականություն:
Մաթեմատիկայի բնագավառում Պյութագորասի անվան հետ են կապված ապացուցման մեթոդի ներմուծումը երկրաչափության մեջ, երկրաչափական թվաբանության ստեղծումը, ձայնագիտության և հարմոնիայի խնդիրների մշակումը, զույգ ու կենտ, հասարակ, բաղադրյալ ու կատարյալ թվերի մասին ուսմունքը: Պյութագորասին է պատկանում այն հայտնի թեորեմի ապացուցումը, որը կապ է հաստատում ուղղանկյուն եռանկյան կողմերի միջև. այն է՝ ուղղանկյուն եռանկյան էջերի քառակուսիների գումարը հավասար է ներքնաձիգի քառակուսուն (Պյութագորասի թեորեմ):
Հայ իրականության մեջ Պյութագորասի ուսմունքի մասին տեղեկություններ են պահպանվել Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստության» երկում:

Комментарии