Լուսանկարչություն

Այս տեսությանն իր աշխատություններում հետագայում մանրամասն անդրադառնում է նաև վերածննդի շրջանի իտալացի արվեստագետ և գյուտարար Լեոնարդո Դա Վինչին: Իսկ քիչ ուշ Լեոնարդոյի ազգակից ֆիզիկոս Ժամբատտիստա Դելա Պորտան, հիմնվելով այդ տեսության վրա, 1589 թվականին ոսպնյակների ներմուծման շնորհիվ նախագծում է կամերա-օբսկուրան (մութ սենյակ), որն էլ դառնում է ժամանակակից լուսանկարչական ապարատի նախատիպը:

Այն սկսվում է լայնորեն կիրառվել վերածննդի շրջանի նկարիչների կողմից որպես հեռանկարային կանոնների ուսումնասիրման միջոց: Սակայն մարդկության կյանքը շրջադարձորեն փոխած ֆոտոապարատների ստեղծման գյուտն արվում է 19-րդ դարում, երբ 1839 թվականին ֆրանսիացի նկարիչ, քիմիկոս ու գյուտարար Լուի Դագերը գիտնականների և նկարիչների առջև հրապարակորեն ցուցադրում է արծաթե թանթիկի վրա ստացված պատկերները:

Շուտով նրան միանում է նաև հելիոգրաֆիայի հայտնագործող Ժոզոֆ Նիեպսն ու լուսանկարի բազմացման հարցերով զբաղվող անգլիացի Հենրի Ֆոքս Թալբոթը, և օպտիկայի, քիմիայի օրենքների կիրառման օգնությամբ գտնվում է առարկաների լուսանկարման, վերարտադրության եղանակը: Առաջին ֆոտոապարատներն իրենց կառուցվածքով հիշեցնում էին օբսկուր կամերան և կոչվում են դագերոտիպ` Լուի Դագերի անունով:

Իսկ առաջին լուսանկարը համարվում է Ժոզեֆ Նիեպսի կողմից 1826 թվականին փորձերի արդյունքում ստացված «Տեսարան պատուհանից» նկարը: Առաջին գունավոր լուսանկարն էլ հայտնի է որպես «Շոտլանդկա ժապավեն»` արված 1861 թվականին անգլիացի ֆիզիկոս Ջեյմս Քլերկ Մաքսվելի կողմից:




Նկարիչ Դագերն ու հելիոգրաֆիայի հայտնագործող Ժոզեֆ Նիեպսը սկիզբ դրեցին լուսանկարչության ստեղծմանը, որի ծագումից անմիջապես հետո էլ առաջացավ լուսանկարչության և արվեստի փոխհարաբերության մեծագույն խնդիրը:
Եվ ինչպես կինոմատոգրաֆիայի դերի նշանակալի մեծացման ժամանակ խոսվում էր թատերարվեստի փլուզման մասին, այնպես էլ լուսանկարչության տարածման հետ մեկտեղ սկսվեցին նախագուշակություններ արվել գեղանկարչության մոտալուտ ավարտի վերաբերյալ:

Սկզբնական շրջանում արվեստի հետ եղած նրա միակ առնչությունը կարծես սահմանափակվում էր նրանով, որ որոշ նկարիչների համար այն ծառայում էր որպես էսքիզ կամ էտյուդ և այդ առումով մեծ գնահատանքի արժանանում մի շարք արվեստագետների կողմից:

Գեղարվեստական լուսանկարչության կայացման փուլում նշանակալի դեր ունեցավ նաև տեխնիկայի նվաճումն ու կատարելագործումը, որն էլ լուսանկարչի աշխատանքը մոտեցրեց մի շարք քիմիական ու մեխանիկական պրոցեսների կատարմանը, որոնք էլ ապահովում էին նկարի գեղարվեստական բարձր որակը: Նկատելի դարձան արդեն իսկ համարձակ ռակուրսների ու դինամիկ էֆեկտների օգտագործումը:

Գործառության մեջ մտան կարճ ու երկար ֆոկուսային օբյեկտիվները, որոնք էլ հնարավորություն տվեցին ներկայացնել տվյալ պատկերը տարբեր ռակուրսներից` շատ հաճախ համադրելով խոշոր ու հեռավոր պլանները: Գույնը՝ որպես գեղարվեստական ազդեցության կարևորագույն միջոց, ներմուծվելով լուսանկարչության մեջ, սկզբունքային նոր փոփոխություններ մտցրեց:

Իսկ ֆոտոմոնտաժի ի հայտ գալն էլ ավելի ընդլայնեց լուսանկարի գեղարվեստական առանձնահատկությունները և ուղի հարթեց ոչ միայն նկարի ավելի խորը մեկնաբանման, այլև նոր բովանդակության հայտնաբերման և կյանքի առանձին դիտարկումների ընդհանրացման համար:

Комментарии