Էներգիայի այլ աղբյուրներ

Քամու էներգիա: Երկրի մակերևույթի անահամաչափ տաքացումը, բարդ ռելիեֆը, ջրային ավազանների ու ցամաքային տարածությունների տարբեր ջերմունակությունները առաջացնում են մթնոլորտային տարբեր ճնշման մարզեր (բարձր և ցածր): Ճնշումների տարբերություններից ելնելով երկրագնդի վրա առաջանում են քամիներ: Քամու էներգիան կարող է վերածվել էլեկտրաէներգիայի: Հատկապես կարևոր է հեռավոր այն տարածաշրջանների համար, որոնք միացված չեն էլեկտրականության ընդհանուր ցանցին: Հողմակայանների դրական կողմերից մեկն էլ այն է, որ սպառողը համեմատաբար անկախ է:
Գիտնականները հաշվարկել են էներգիայի ընդհանուր քանակությունը, որը կարելի է ստանալ քամու օգնությամբ: Պարզվել է, որ մեր մոլորակի վրա քամու էներգիան այնքան է, որ կարող է լիովին բավարարել մարդկության էներգետիկ պահանջները: Մթնոլորտի բարձր շերտերում քամին ավելի ուժգին է և մշտական, ինչն ավելի մեծ քանակությամբ էներգիա է ապահովում, քան Երկրի մակերևույթի կամ ծովային քամիները:
Մի շարք երկրներ հսկայական ներդրումներ են անում այս ոլորտում և ստանում շոշափելի արդյունք: Այսպես, օրինակ Դանիայում ստացվող ողջ էլեկտրաէներգիայի 28%-ը ստանում են քամիներից, Պորտուգալիայում` 19%-ը, Իռլանդիայում` 14%-ը, Իսպանիայում`16%-ը, Գերմանիայում` 8%-ը: 2009թ.-ի դրությամբ աշխարհի 80 երկրներում քամու էներգիան օգտագործվում է էլեկտրաէներգիա ստանալու նպատակով:
Քամու էներգիայի կիրառությունը սահմանափակ է նրանով, որ այն անընդհատ չէ, անհրաժեշտ են էլեկտրաէներգիայի կուտակիչներ` հոսանքի մատակարարումն անընդհատ դարձնելու համար:

Комментарии