Երջանկություն

Երջանկություն, մտավոր-զգացմունքային վիճակ, որը բնորոշվում է դրական կամ հաճելի էմոցիաներով, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են բավարարվածության ուրախ վիճակ։ Հին հունարենում «երջանկություն» բառը` էվդեմոնիա, բառացիորեն նշանակել է աստվածների հովանու տակ գտնվող մարդու ճակատագիր: Սրա հիման վրա է ձևավորվել էր տեսակետ, որ երջանիկ լինել նշանակում էր արժանանալ աստվածների բարեհաճությանը, լինել հաջողակ: Բայց երջանկության նման ընկալման պարագայում ստացվում է, որ ոչինչ կախված չէ մարդուց: Իհարկե, կյանքում բախտը կարող է ժպտալ մարդուն: Բայց դա դեռևս երջանկություն չէ, քանի որ պատրաստի տրվածը ոչ միշտ է մարդու մեջ առաջ բերում երջանկության զգացում: Մինչդեռ զգացողությունը երջանկության կարևորագույն բաղադրիչն է: Քրիստոնեության մեջ երջանկություն է համարվում Աստծո հետ անմիջական կապը: Հին հույն բարոյագետ Էպիկուրի կարծիքով` երջանկությունը մարդու այն հոգեվիճակն է, երբ նա գտնվում է հանգստության, հոգեկան անդորրի մեջ: Երջանկությունը շատ հաճախ նույնացվում է ուրախության հետ: Բայց դրանք տարբեր են: Հաճախ ասում են, որ մարդն ուրախություն ապրում է առանձին իրադարձությունների պարագայում, իսկ երջանկությունը տևական ուրախությունն է: Բացի այդ, մարդն ուրախությունն արտահայտում է ավելի բուռն, ավելի հուզականորեն, իսկ երջանկությունը` ավելի չափավոր:

Комментарии