Ամանորյա ծիսական խոհանոցը հայերի մոտ

Նոր տարվա գլխավոր նախապատրաստություններն ուտելիքների շուրջն էին: Տոնի ժամանակ օգտագործվող ուտեստի տեսականին, դրանց ծիսական բնույթն ընդհանուր առմամբ նույնական էին հայոց շատ ազգագավառների համար, սակայն երբեմն տարբերվում էին պատրաստման կերպով, մատուցման և ճաշակման ժամանակով, անուններով: Աշնանից սկսած այս տոնի համար պահած ունենում էին զանազան չորացրած ու թարմ մրգեր, պաստեղներ, ընկուզերշիկներ և այլն: Պետք է հիշել, որ հունվարի 1-ը, ընկնելով հայոց ծննդյան տոնի շաբաթվա մեջ, պաս օր էր, և ամանորյա ուտելիքները բաղկացած էին պասին թույլատրելի ուտելեղենից: Դեկտեմբերի 30-31-ին տանտիկինները ջանասիրաբար մաքրում էին լոբին, սիսեռը, ոսպը, բրինձը, ձավարեղենը, որոնք տարբեր կերակրատեսակների ձևով պիտի զարդարեին տոնական սեղանը: Տարբեր տեղերում այդ ճաշատեսակները տարբեր էին, բայց շատերը ջանում էին դրանց թիվը հասցնել յոթի: Ահա, օրինակ, ականատեսի նկարագրությունը Բալուի ամանորյա ճաշատեսակների վերաբերյալ «ա) Պղլուր (ձավար), աղընձած ու ծեծված և խյուսի վերածված շուշմա (սուսամ), քիչ մը ծեծված մանր կարմիր պղպեղ, բավական շատկեկ ջարդված սոխ, իրարու հետ խառնելով, կը լեցնեն զանոնք մինչև կեսը կամ քիչ մը ավելի ջուրով լեցուն պուտուկի մեջ, որուն կափարիչը վրան դնելով անոր բոլորտիքը կը ծեփեն խմորով ու կը դնեն թոնիրին մեջ որ եփի, ատոր կսեն Խորու: բ)Պղլուրով ու անոր երեք անգամ սիսեռով գրեթե թոփիկի հար և նման գնդիկ կը շինեն: գ) Անուշապուր, որոն նյութերն են ծեծված ցորեն, որ մաքրված է իր թեփերեն, ընկույզ, նուշ, չամիչ, մեղր կամ ռուպ, երբեմն գազարե ալ կը դընեն, երբ զայն ունենան: դ)Փերփերապուր, ասոր ալ նյութերը կը բաղկանան չորցված փերփերե, ծեծված ցորենե, կարմիր լոպիկե (լուբիայի տեսակ մը), աղացված ոսպ, չոր, բայց քիչ պղպեղե, սոխե և շուշմայի յուղե: ե) Պահոց քեշկեկ, աս` կը բաղկանա ծեծված ցորենե, ոսպե, սիսեռե` չորցված կանկարե, ավելուկ ըսված չէր բանջարե և շուշմայի յուղե: զ) Շուշմայի հետ ասիկա զուտ ցորենի ալյուրի շաղված խմոր մըն է զոր կը բանան խիստ բարակ ու կը տապակեն շուշմայի յուղին մեջ ու հետո անոնց ամեն մեկուն երկու երեսներուն վրա կը լեցնեն կամ կը քսեն ռուպով կամ մեղրով շոեւշմային խյուսին եհտ խառնուրդը, և կը շարեն դրանք իրարու վրա, որպեսզի կակուղ մնան և թե ավելի անուշնան իրար ծեծելով: Պետք է գիտենալ, թե այս բոլոր կերակուրները պահոց կերակուրներ են»:

Комментарии