ՀՀ պետական բյուջե

Պետական բյուջեն Կառավարության ֆինանսական պլանն է, որը կազմվում է մեկ օրացույցային տարվա համար: Սա տվյալ տարվա ընթացքում Կառավարության գործողությունները և/կամ քաղաքականությունները ֆինանսավորող փաստաթուղթ է, որը ցույց է տալիս, թե պլանավորված գործողությունների համար ինչ ֆինանսական միջոցներ են նախատեսված, այսինքն՝ ծախսերը, և նաև ցույց է տալիս, թե ինչ աղբյուրներից են գոյանալու այդ ֆինանսական միջոցները, այսինքն՝ մուտքերը, ներառյալ եկամուտները:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն. «Պետական և համայնքի բյուջեները` պետությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին` Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագրեր են»:

Այս սահմանումները հուշում են, որ բյուջեն Կառավարության գործունեության և որդեգրած քաղաքականությունների արտացոլումն է, որը պետք է նաև ցույց տա, թե որ ոլորտներում են Կառավարության առաջնահերթությունները և ինչ ուղղությամբ է շարժվում պետությունը: Այս առումով բյուջեն առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է, որով իշխանության եկած ուժը փորձելու է իր տված նախընտրական խոստումները (որոնց հիման վրա պետք է նաև ձևավորվեին Կառավարության գործունեության ծրագրերը) իրականություն դարձնել: Բյուջեն նաև տնտեսավարողների և ֆիզիկական անձնաց եկամուտների վերաբաշխման, տնտեսության մեջ պետության միջամտության և կարգավորումների գործիք է, և այս գործառույթներն անվանում են նաև հարկաբյուջետային կամ ֆիսկալ քաղաքականություն:

Սահմանումներ և հասկացություններ

Բյուջետային եկամուտներն են օրենսդրությանը համապատասխան պետական և համայնքների բյուջեներ մուտքագրվող` համապատասխանաբար պետական մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տնօրինվող դրամական միջոցները:

Բյուջետային ծախսերն են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին օրենսդրությամբ վերապահված գործառույթների ֆինանսական ապահովման նպատակով (բացառությամբ վարկերի և փոխատվությունների տրամադրման, ներգրավված փոխառու միջոցների մարումների, ինչպես նաև բաժնետոմսերի և կապիտալում մասնակցության և այլ արժեթղթերի ձեռք բերման դեպքերի) համապատասխան բյուջեներից ուղղվող դրամական միջոցները:

Կապիտալ կամ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերն են պետական և համայնքային նշանակության ծրագրերի շրջանակներում նախատեսվող այն ծախսերը, որոնք հանգեցնում են սույն հոդվածի 7-րդ մասում թվարկված ոչ ֆինանսական ակտիվների ստեղծմանը (ձեռք բերմանը) կամ դրանց արժեքի ավելացմանը:


Ավելի մանրամասն այստեղ՝ https://hetq.am/hy/article/110797

Комментарии