Բնական աղետներ | Ջրհեղեղներ, սողանքներ, երկրաշարժեր

Սողանքներ

Սողանքներ, ծանրության ուժի ազդեցությամբ լեռնալանջերով կամ թեք տեղանքով ապարների զանգվածային սահաշարժեր, որոնք լվացման հետևանքով, ապարների հավասարակշռության խախտման արդյունք են։ 


Սողանքային շարժընթացներն ուղղակիորեն կախված են տեղանքի կառուցվածքից, ապարների շերտերի տեղաբաշխումից, ստորերկրյա ջրերի ակտիվությունից, անտառածածկույթի կամ խոտածածկույթի խտությունից, գերխոնավացումից, ստորերկրյա ցնցումներից, մարդկանց անզգույշ տնտեսական գործունեության, երկրաբանական և երկրաձևաբանական պայմանների առանձնահատկությունների անտեսումից, որոնք հանգեցնում են ապարների ամրության նվազմանը և սողանքի առաջացմանը։

Երկրաշարժեր

Երկրաշարժ է առաջանում, երբ Երկրի մակերևույթից տասնյակ, իսկ երբեմն էլ հարյուրավոր կիլոմետրեր խորության վրա տեղի է ունենում ապարաշերտերի տեղաշարժ:
Մի քանի վայրկյանում երկրաշարժը կարող է մեծ քաղաքը վերածել փլատակների կույտի: Ամենաուժեղ երկրաշարժերի ժամանակ գետնի մեջ առաջանում են խոր ճեղքեր (1891 թ-ի հոկտեմբերի 28-ի երկրաշարժի հետևանքով Ճապոնիայի Հոնսյու կղզում առաջացել է 160 կմ երկարությամբ ճեղք), տեղի են ունենում փլուզումներ, փլվածքներ, փոխվում են գետերի հուները, գոյանում նոր ջրվեժներ ու լճեր (1911 թ-ին Պամիրում լեռնալանջի փլուզումից փակվել է Մուրղաբ գետի հունը, և առաջացել է Սարեզյան լիճը):



Երկրի խորքում այն տեղը, որտեղ ապարաշերտերը կտրուկ տեղաշարժվում են, կոչվում է երկրաշարժի օջախ կամ հիպոկենտրոն և կարող է գտնվել տարբեր խորություններում:

Երկրագնդի որոշ տեղամասերում երկրաշարժերը հաճախակի են և ուժգին, իսկ մյուսներում՝ հազվադեպ և թույլ: Դա պայմանավորված է երկրակեղևի երկրաբանական կառուցվածքի ու զարգացման առանձնահատկություններով: Յուրաքանչյուր օր Երկրագնդի վրա տեղի է ունենում տարբեր ուժգնության ավելի քան 250, իսկ 1 տարում՝ մոտ 100 հազար երկրաշարժ:

Ջրհեղեղներ


Ջրհեղեղը առաջանում է, երբ տեղատարափ անձրևների, ձնհալքի արդյունքում գետի հորդացման, սողանքների, փլուզումների, պատվարների ճեղքման պատճառներով գետերում, լճերում, ծովերում ջրի մակերևույթը բարձրանում է՝ ջրածածկելով ցամաքի զգալի տարածքները:

Ջրհեղեղի կանխարգելման նպատակով կառուցվում են գետերի ջրի հոսանքը կարգավորող ջրամբարներ, պաշտպանիչ պատնեշներ, մաքրվում են գետի հունը, բարձրացվում ու ամրացվում են ափերը:

Մարդկային գործունեությունը ևս կարող է ջրհեղեղի առաջացման պատճառ հանդիսանալ`   ծառահատումներ, գետերի և հեղեղատների կառուցապատումներ, աղբանետումներ և այլն:

Եթե առկա է ջրհեղեղի սպառնալիք, ապա բնակչությանն ազդարարում են այդ մասին, անհրաժեշտության դեպքում`   տարհանում վտանգավոր շրջաններից: Այս դեպքում պետք է բնակա­րաններում անջատել ջուրը, գազը, էլեկտրականությունը, հանգցնել վառարանը:


Եթե ջրհեղեղը տեղի է ունեցել հանկարծակի, ապա անհրաժեշտ է շարժվել մոտակա անվտանգ բարձրադիր վայր, իսկ սահմանափակ տարածքում`   բարձրանալ վերին հարկեր, ծառեր և արձակել ազդանշաններ (լուսային, ձայնային):

Комментарии