Սասնա ծռեր | Բովանդակություն

«Սասնա ծռեր» էպոսը բաղկացած է 4 մասից՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»:


Էպոսի առաջին մասի հերոսները Սանասարն ու Բաղդասարն են։ Ովքեր հայոց թագավոր Գագիկի դստեր՝ Ծովինարի զավակներն էին։ Հայոց Գագիկ թագավորը հարկատու էր Բաղդադի կռապաշտ խալիֆին: Խալիֆը, լսելով Ծովինարի գեղեցկության մասին, ցանկանում է կնության առնել նրան, բայց մերժվում է: Որից հետո խալիֆը զայրույթից սկսում է ավերել Հայոց երկիրը: Ծովինարն ինքնակամ որոշում է կայացնում ամուսնանալ և հորը խնդրում իրեն կնության տալ Բաղդադի խալիֆին, որպեսզի հայրենիքը փրկի ավերումից: 

Հայրենի լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է աղերսում: Հանկարծակի բխած Կաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում ու հղիանում: Հետո նա մեկնում է Բաղդադ: Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօր մեծանում են ու հզորանում: Խալիֆը փորձում է սպանել եղբայրներին, բայց եղբայրներն են սպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում հայրենիք, կառուցում իրենց բերդը՝ Սասունը ու հզորացնում են այն: Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ: Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն:

Էպոսի երկրորդ մասի հերոսը` Մհերը չափահաս դառնալով տիրություն է անում երկրին ու ժողովրդին: Հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան անվանում են Առյուծաձև Մհեր, Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում նրա հետ, մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում իր որսատեղին, որից հետո կառուցում է բերդեր ու կամուրջներ: 
Մըսրում մեռնում է Մելիքը: Նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, խնդրում է Մհերին գալ և տիրել իր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից: Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ ի հիշատակ մեռած ամուսնու: 7 տարի նա Մհերին պահում է իր մոտ՝ արբեցնելով թունդ գինով: Ի վերջո սթափվելով և զգալով իր սխալը Մհերը վերադառնում է Սասուն: Արմաղանը դժվարությամբ ներում է նրան և Մհերը նորից շենացնում է Սասունը: Որոշ ժամանակ անց Արմաղանը իրենց կյանքի դիմաց ծնում է մի տղա, որին անվանում են Դավիթ: Երեխայի ծնվելուց հետո Մհերն ու Արմաղանը, պայմանի համաձայն, մահանում են:

Էպոսի երրորդ մասի հերոսը Դավիթն է: Արմաղանի և Մհերի մահից հետո Դավթի խնամքը մնում է Ձենով Օհանի վրա։ Իր հոր նման՝ Դավիթը ոչ թե օրերով, այլ ժամերով էր մեծանում և Օհանը առաջարկում է Դավթին ուղարկել Իսմիլ խանումի մոտ, որպեսզի նա Դավիթին իր կաթով և Սասունից բերած յուղով ու մեղրով կերակրի։ Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց Դավիթը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում Սասուն: Վերադառնալուն պես՝ Ձենով Օհանը Դավիթին կարգում է գառնարած։ Դավիթը հասունանում է և սկսում մտածել հայրենիքի շենացման ու բարգավաճման մասին։ Սասունի շենացման լուրը լսելուց հետո Մըսրա Մելիքը լցվում է զայրույթով և իր հարկահաններին ուղարկում Սասուն, որպեսզի յոթ տարվա հարկը վերձնեն։ Սակայն Դավիթը չի համաձայնվում հարկերը տալ։ Որից հետո Մըսրա Մելիքը զայրանում է և զորք է ուղարկում Սասուն։ Թշնամու դեմ ելնում է Դավիթը՝ Քեռի Թորոսի և նրա 39 որդիների հետ։ Տեղի է ունենում Դավիթի և Մսըրա Մելիքի մենամարտը, որի ժամանակ Դավիթը թուր կեծակիի միջոցով Մըսրա Մելիքին երկու մասի է կիսում։ Հետո նա ամուսնանում է Զմշիկ Սուլթանի հետ, բայց լսելով արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ ամուսնանում է նրա հետ, գնում Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Ծնվում է Մհերը, ով չափահաս դառնալով, որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին մհերը հանդիպում է հորը, իրար չճանաչելով, մենամարտում են իրար հետ։ Դավիթը ճանաչում է Մհերին չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է նրան․ «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։ Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից։

Էպոսի չորրորդ մասի հերոսը` Դավթին փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը: Ապա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ: Բայց կատարվում է հոր անեծքը և Մհերը մնում է անժառանգ: Գոհարը մահանում է: Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ: Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ՝ ասելով.

Քանի աշխարք չար է,Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,Մեջ աշխարքին ես չեմ մնա:Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,Ու գարին էղավ քանց ընկուզ մի,Էն ժամանակ հրամանք կա, որ էլնենք էդտեղեն:

Комментарии