Հայկական կամավորական շարժում

Հայկական կամավորական շարժում 1914-1918: Հայրենասիրական շարժում՝ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կովկասյան ռազմաճակատում գործող ռուսական բանակը համալրելու և Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու նպատակով։ 1914 թվականի սեպտեմբերին կազմվեցին հայկական կամավորական ջոկատներ՝ անորոշ խոստումներ տալով Արևմտյան Հայաստանի ապագա ինքնավարության մասին։ Հայկական ազգային կուսակցությունները, հավատալով ցարական կառավարության հավաստիացումներին և ելնելով հայ ժողովրդի շահերից, եռանդուն գործունեություն ծավալեցին այդ ուղղությամբ։ Ռուսական կայսրության մեջ բնակվող 2054 հազար հայերից ցարական բանակ էր զորակոչվել 250 զինվոր։ Հայ աշխարհիկ և հոգևոր շրջանների ներկայացուցիչները փոխարքայի խորհրդով Անդրկովկասում և հայկական գաղթավայրերում իրենց հայրենակիցներին կոչ էին անում Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու նպատակով կամավորներով համալրել նաև Անտանտի երկրների բանակները։ Կամավոր ջոկատները կազմելու, նրանց զենքով և զինամթերքով ապահովելու համար ստեղծվել էր ռազմական խորհուրդ, որն իր ներկայացուցիչներն ուներ Ռուսական կայսրության բազմաթիվ հայաբնակ վայրերում, իսկ Հայոց ազգային բյուրոն իր ենթաբաժիններն ուներ Մոսկվայում, Պետերբուրգում, Նոր Նախիջևանում, Մարիուպոլում, Բաքվում և այլուր։ Հայկական կամավորական շարժմանը նյութական զգալի օգնություն ցույց տվեցին հատկապես Մոսկվայի, Պետերբուրգի, Բաքվի, Թիֆլիսի, նաև Նյու Յորքի, Փարիզի, Լոնդոնի հայկական կոմիտեները, իսկ զենքով, ռազմահանդերձանքով՝ ցարական կառավարությունը։ Սկզբնական շրջանում կազմակերպվեց կամավորական չորս ջոկատ։ 1-ին ջոկատի հրամանատար նշանակվեց Անդրանիկը, Դրաստամատ Կանայանը՝ 2-րդ ջոկատ, Համազասպ Սրվանձտյանը՝ 3-րդ ջոկատ, Արշակ Գաֆավյանը (Քեռին)՝ 4-րդ ջոկատ։ Ավելի ուշ ստեղծվեցին նաև 5-րդ, որի հրամանատարն էր Ա. Ջանփոլադյանը, 6-րդ և 7-րդ ջոկատները։ 1915-ի վերջին կամավորների ընդհանուր թիվը հասավ մոտ 10 հազար։ 6-րդ ջոկատի հրամանատարն էր Գրիգոր Ավշարյանը, որի զոհվելուց հետո նրան փոխարինեց Հայկ Բժշկյանը։ 7-րդ ջոկատը կազմակերպվեց 1915-ի աշնանը՝ Հովսեփ Արղությանի հրամանատարությամբ։

Комментарии