«Արտաշես և Արտավազդ» առասպել

Առասպելում պատմվում է, թե ինչպես են ալանները արշավում Հայաստանի վրա։ Արտաշեսը հավաքում է իր զորաբանակը և պատերազմում ալանների դեմ։ Առաջին ճակատամարտից հետո ալանները նահանջում են Կուր գետի հյուսիսային ափը, իսկ Արտաշեսը բանակում է հարավային ափին։ Հայերը ալանների թագաժառանգին գերի են վերցնում։ Ալանների թագավորը հաշտություն է խնդրում՝ խոստանալով տալ ամեն բան որդու ազատության դիմաց։ Արտաշեսի մերժումից հետո ալանաց թագավորի դուստր Սաթենիկը կանգնում է գետի ափին և դիմում Արտաշեսին՝ խնդրելով վերադարձնել եղբորը և երկու ազգերի մեջ թշնամություն չհրահրել։ Տեսնելով Սաթենիկին՝ Արտաշեսը սիրահարվում է և պատգամախոսներ ուղարկում՝ Սաթենիկի ձեռքը խնդրելու։ Սակայն ալանների թագավորը մեծ գլխագին է ուզում։ Նա ասում է, թե որտեղից քաջ Արտաշեսը պետք է տա հազար հազարներ ու բյուր բյուրեր ալանների արքայազն օրիորդի համար։ Այդ պատասխանը ստանալուց հետո Արտաշեսը փախցնում է Սաթենիկին։ Արտաշեսի և Սաթենիկի ամուսնությունից ծնվում է Արտավազդը։ Արտաշեսը ծաղկեցնում է Հայոց աշխարհը։ Նրա մահից հետո, շատերն, ըստ սովորության, սիրելի արքայի համար ինքնասպան են լինում։ Արտավազդը, որի մասին Գողթան երգերում ասվում էր, որ վիշապազունները նրան գողացել և նրա փոխարեն դև են դրել, սրտնեղում է և ասում մահամերձ հորը, թե ինքն ավերակների վրա ինչպես պիտի թագավորի։ Այդ խոսքերի համար Արտաշեսն անիծում է որդուն և նրա անեծքը կատարվում է։ Ըստ Գողթան երգիչների դևերը բռնում են Արտավազդին և շղթայում քարայրում։ Նա ինչքան էլ փորձում է չի կարողանում ազատվել, քանի որ դարբինները մուրճի հարվածով ամրացնում են կապանքները։

Комментарии